Մատչելի հղումներ

Քերին զգուշացրել է ԱՄՆ-ում «ներքին խանգարումների» վտանգի մասին


«Եթե Միացյալ Նահանգների բյուջեի շուրջ բանակցությունների հերթական շրջանի արդյունքում կրկին ճգնաժամ ձևավորվի, ապա ԱՄՆ-ի համար նման այդ ճգնաժամի բացասական հետևանքները կզգացվեն շատ երկար ժամանակ»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների համար իրական լուրջ վտանգ են ներկայացնում ոչ թե արտաքին թշնամիները, այլ այն, ինչն արտգործնախարարը «ներքին խանգարումներ» է անվանել:

Ջոն Քերին մատնանշել է, որ եթե Միացյալ Նահանգների բյուջեի շուրջ բանակցությունների հերթական շրջանի արդյունքում կրկին ճգնաժամ ձևավորվի, ապա ԱՄՆ-ի համար նման այդ ճգնաժամի բացասական հետևանքները կզգացվեն շատ երկար ժամանակ:

Քերիի համաձայն, Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության վերջերս տեղի ունեցած 16-օրյա դադարեցումը կասկածներ է առաջացրել երկրի հիմնական դաշնակիցների մոտ այն հարցերի շուրջ, թե արդյոք Վաշինգտոնը կարող է առաջատար դեր ունենալ Իրանի, մերձավորարևելյան բանակցությունների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ առևտրային պայմանագրի կնքելու գործում:

«Վաշինգտոնում ձեռնարկվող գործողությունները մեծ նշանակություն ունեն նրանց համար, այդ իսկ պատճառով մենք այլևս չեն կարող ինքներս մեզ այնպիսի վերքեր առաջացնել, ինչպիսին էր մեր կողմից վերջերս վերապրած պետական մարմինների գործունեության դադարեցումը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ հավելելով. «Ակնհայտ է, որ «կառավարության փակումը» ունեցել է ժամանակավոր, սակայն իրական բացասական հետևանքներ մեր գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների և արտերկրում մեր շահերը պաշտպանելու համար»:
XS
SM
MD
LG