Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարն այցելություն է կատարում Կիև


Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, Կիևում արտգործնախարար Քերրին հանդիպումներ է անցկացնում երկրի ժամանակավոր կառավարության անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են Ուկրաինայի տնտեսական և քաղաքական կարիքները

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին երեքշաբթի օրն այցելել է Կիև՝ վերահաստատելու համար Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, Կիևում արտգործնախարար Քերրին հանդիպումներ է անցկացնում երկրի ժամանակավոր կառավարության անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են Ուկրաինայի տնտեսական և քաղաքական կարիքները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, արտգործնախարար Քերրին Կիև կատարվող իր այցի ընթացքում ցանկանում է տեղեկանալ նաև, թե ինչպիսի լրացուցիչ աջակցություն կարող է տրամադրել Միացյալ Նահանգներն Ուկրաինային:

Արտգործնախարար Քերրիի Ուկրաինայի մայրաքաղաք կատարվող ճանապարհորդության ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր Ուկրաինայի հետ սահմանամերձ Ռուսաստանի տարածքներում զորավարժություններ անցկացնող տասնյակ հազարավոր զինծառայողներին վերադառնալ ռազմակայաններ:

Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք այս քայլը լարվածության նվազեցմանն էր ուղղված, քանի որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ անցկացվող զորավարժություններ արդեն մոտենում էին ավարտի:

Մոսկվան հերքում է, որ անցյալ շաբաթ մեկնարկած լայնածավալ զորավարժությունները որևէ կերպ առնչվում են Ուկրաինայում ստեղծված վիճակին:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրեին հորդորել էր Ռուսատանի և Ուկրաինայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը և մեկնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված կառուցողական երկխոսություն:

Ժնևում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Բան Կի-մունն ասել էր, որ ինքն աշխատում է մի քանի ուղղությամբ՝ ճգնաժամի կարգավորմանը լուծում գտնելու նպատակով:
XS
SM
MD
LG