Մատչելի հղումներ

Քերի. «ԱՄՆ-ը սերտ կհամագործակցի դաշնակիցների հետ՝ լրտեսության մտահոգությունների հետ կապված հարցում»


ԱՄՆ-ի արտգործնախարար Քերիի Լեհաստան կատարվող այցը ընթացքում քննարկվել են լրտեսական սկանդալն ու Սիրիայում քաղաքացիական պատերազմը վերջ տալուն ուղղված ջանքերը

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կիրականացնի սերտ համագործակցություն Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ՝ հաղթահարելու համար Եվրոպայում ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից իրականացված լրտեսական գործունեության մասին հաղորդագրություններով բարձրացված մտահոգությունները:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քերին հանդես է եկել Լեհաստան կատարվող իր այցը ընթացքում, որի ժամանակ քննարկվել են լրտեսական սկանդալն ու Սիրիայում քաղաքացիական պատերազմը վերջ տալուն ուղղված ջանքերը:

«Երբ ամեն ինչ կարգավորվի, ինչին մենք անպայման կհասնենք, մենք ոչ միայն կմեղմենք մտահոգությունները, այլև իրականում կամրապնդենք հետախուզության ոլորտում մեր հարաբերությունները՝ արդյունքում բարձրացնելով անվտանգության մակարդակը, ինչպես նաև ապահովելով մեր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին ասել է, որ Քերիի հետ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի ու Լեհաստանի հետախուզական ծառայությունների միջև առավել սերտ համագործակցություն հաստատելու մասին:

«Շատ կարևոր է նաև երաշխավորել, որ մեր իրավունքները, կանոնակարգերն ու ընթացակարգերը համապատասխանեն տեխնոլոգիական առաջընթացին, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց կարողանան առավել ապահովված զգալ, իսկ առկա դաշինքների համար վտանգ չներկայացնի և դրանք չծանրաբեռնվեն Սնոուդենի գործի նման դեպքերով», - ասել է Լեհաստանի արտգործնախարարը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին և Լեհաստանի իր գործընկերը քննարկել են նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմը վերջ դնելուն ուղղված ջանքերը:

Ըստ Լեհաստանի արտգործնախարարի, Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմը հնարավոր է ավարտի հասցնել միայն բանակցությունների միջոցով:

«Կարծում ենք՝ դա վերջին հնարավորությունն է, Սիրիայի և այս երկրի քաղաքացիների համար վերջին միջոցն է», - անդրադառնալով Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված բանակցություններին՝ ասել է Լեհաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG