Մատչելի հղումներ

Քերրին՝ Լավրովին. Ուկրաինայի մոտակայքում գտնվող զորքերը «վախի մթնոլորտ են ստեղծում»


Արտգործնախարար Քերրին տեղեկացրել է, որ մոտ ապագայում կանցկացվեն երկկողմանի նոր բանակցություններ՝ միաժամանակ շեշտելով, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվի առանց Կիևի կառավարության մասնակցության

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հորդորել է Ռուսաստանին հետ քաշել Ուկրաինայի սահմանի մոտակայքում կուտակված հազարավոր զինծառայողներին՝ ասելով, որ այս ուժերի ներկայությունը «վախի մթնոլորտ» է ստեղծում Ուկրաինայի ներսում և չի նպաստում դիվանագիտական երկխոսությանը:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քերրին հադես է եկել երկուշաբթի վաղ առավոտյան՝ Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ չորս ժամ տևած բանակցություններից հետո:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը համաձայնվել են այն հարցի շուրջ, որ Ուկրաինայի ժողովուրդն ունի իր ապագան որոշելու իրավունք:

Արտգործնախարար Քերրին նշել է նաև, որ բանակցությունների ընթացքում երկու կողերը ներկայացրել են Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կարգավորմանն ուղղված առաջարկություններ:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Լավրովի հետ կիրակի օրն անցկացված բանակցությունների շուրջ կխորհրդակցի նախագահ Բարաք Օբամայի հետ: Քերրին տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում կանցկացվեն երկկողմանի նոր բանակցություններ՝ միաժամանակ շեշտելով, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվի առանց Կիևի կառավարության մասնակցության:

Արտգործնախարար Քերրիից առանձին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հիմնականում անդրադարձել է Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման հարցին, ինչը, Լավրովի կարծիքով, պետք է կատարվի՝ երկրում բնակվող փոքրամասնություններին պաշտպանելու նպատակով:

Լավրովն ասել է, որ բոլոր ուկրաինացիներին պետք է տրամադրվի ձայնի հավասար իրավունք՝ երկրի տարբեր մասերում իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային ավանդույթները պաշտպանելու համար:
XS
SM
MD
LG