Մատչելի հղումներ

Քերրի. «Ուկրաինայի արևելյան շրջաններում ճգնաժամի հետևում կանգնած են Ռուսաստանի գործակալները»


ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, Ռուսատանի ներգրավվածությունն Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձություններում «ակնհայտ է և անժխտելի»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանը հրահրում է արհեստական ճգնաժամ՝ ռազմական ներխուժում արդարացնելու նպատակով:

Արտգործնախարար Քերրին ասել է նաև, որ Ռուսաստանի բանկային, հանքագործական և էներգետիկական ոլորտների նկատմամբ կարող են ընդունվել ավելի խիստ պատժամիջոցներ այն դեպքում, եթե այս երկիրը չդադարեցնի Ուկրաինայում իրավիճակի խարխլման ուղղությամբ իրականացվող գործողությունները:

Քերրիի համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախապատրաստում է մի շարք շատ ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը հետ չկանգնի Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը ապակայունացնելուց: Նրա համաձայն, Ռուսատանի ներգրավվածությունն այս իրադարձություններում «ակնհայտ է և անժխտելի»:

«Ռուսաստանն այսպիսով ունի երկու ընտրություն. աշխատել միջազգային հանրության հետ՝ կառուցելու համար այնպիսի Ուկրաինա, որը կամրջելու է Արևելքն ու Արևմուտքը, որտեղ կիրականացվեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիների հույսերն ու ձգտումները, և որը չի լինելու վեճի առարկա, կամ, հակառակ դեպքում, կարող են հայտնվել միջազգային ավելի խորը մեկուսացման մեջ և թանկ վճարել իրենց այն մոտեցման համար, որի համաձայն աշխարհը զրոյական ելքով խաղ է», - Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է արտգործնախարար Քերրին:
XS
SM
MD
LG