Մատչելի հղումներ

Քերրին ու Նեթանյահուն հանդիպում են անցկացնում Երուսաղեմում


Արտգործնախարար Քերրին ակնկալում է առաջխաղացում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման գործում

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ուրբաթ օրը Երուսաղեմում հանդիպում է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ շարունակելով մինչև գալիք տարվա ապրիլ ամիսը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված Միացյալ Նահանգների առաքելությունը:

Արտգործնախարար Քերրին, որը հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպում է ունեցել Ռամալլահում պաղեստինցիների վարչապետ Մահմուդ Աբբասի հետ, ասել է, թե ակնկալում է առաջխաղացում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման գործում:

«Հանդիպումները կառուցողական են: Միշտ բարդ, սակայն այսօր ես ակնկալում եմ դրական բանակցություններ: Նախագահ Աբբասի հետ երեկ երեկոյան հանդիպելուց հետո մենք շատ բան ունենք քննարկելու, և մենք կշարունակենք այս գործընթացը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Միացյալ Նահանգների՝ իրենց անունները հրապարակելուց հրաժարված պաշտոնյաները տեղեկացրել են, որ արտգործնախարար Քերրին առաջ է քաշում մասնակի, շրջանակային համաձայնության ստորագրումը՝ մտավախություն ունենալով, որ վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք չբերվել մինչև ինն ամիս տևողությամբ բանակցային ժամանակաշրջանի ավարտը:

Պաղեստինցիները և Իսրայելի ղեկավարությունը երկուսն էլ իրենց դժգոհությունն են արտահայտել հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի ունեցած գաղափարներով: Արտգործնախարար Քերրին սակայն անցյալ շաբաթ ասել էր, որ բանակցությունների կողմերն այժմ շատ ավելի մոտ են համաձայնություն հասնելուն, քան եղել են բազում տարիների ընթացքում:
XS
SM
MD
LG