Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Հայաստանի արտգործնախարարները՝ համատեղ խնդիրների և երկկողմանի հարաբերությունների մասին


Վաշինգտոնում հանդիպել են արտգործնախարարներ Քերին ու Նալբանդյանը



ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հունիսի 4-ին հանդիպում է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումից առաջ արտգործնախարարներն ուղերձով հանդես են եկել լրագրողների առջև:

Հանդիպումը բացել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին, որը նշել է, որ իր համար շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է նաև, որ իր համար հատկապես հաճելի է ողջունել Նալբանդյանին, «քանի որ կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ Մասաչուսեթս նահանգում է գտնվում Հայաստանի տարածքից դուրս հայերի ամենամեծ համայնքներից մեկը: Ես շատ բարեկամներ ունեմ հայկական համայնքում և տարիներ շարունակ աշխատել եմ Հայաստանի իմ բարեկամների հետ մի շարք տարբեր հարցերի շուրջ», - ասել է արտգործնախարար Քերին՝ դիմելով լրագրողներին:

Արտգործնախարար Քերին իր խոսքում հիշեցրել է, որ Հայաստանն այսօր Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր է մի շարք նախաձեռնությունների առումով:

«Մասնավորապես, Հայաստանն օգնում է մեզ Աֆղանստանում ՄԱԱՈւ-ի ուժերի կազմում, նրանք կարևոր դեր են ունեցել Կոսովոյում՝ օգնելով պահպանել խաղաղությունն այնտեղ», - նշել է Քերին՝ հավելելով. «Եվ ակնհայտ է, որ ամենակարևոր խնդիրներից մեկը, որը մենք բոլորս ցանկանում ենք լուծված տեսնել, դա Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունն է: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը, և ասելով բոլոր կողմերը ես, ակնհայտորեն, նկատի ունեմ ադրբեջանցիներին, բայց նաև Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու ուրիշներին, փորձեն գտնել փակուղուց դուրս գալու եղանակ՝ մի փակուղուց, որը կենդանի է պահում այս հակամարտությունը, որը մշտապես ներքուստ վտանգավոր է: Այսպիսով, ես հուսով եմ, որ մենք դրա մասին էլ այսօր մի փոքր կխոսենք»:

«Բացի այդ, մեր առջև կանգնած են մեծ կարևորություն ունեցող խնդիրներ՝ տնտեսական գործընկերություն, տնտեսության զարգացումն ու ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև մեր բարեկամների՝ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը», - շեշտել է արտգործնախարար Քերին:

Հայաստանի արտգործնախարարն իր պատասխան խոսքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը լավ են փոխգործակցում միջազգային ասպարեզում, և այս փոխգործակցությունը ծածկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջազգային տարածաշրջանային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, ահաբեկչության դեմ պայքարը, խաղաղապահ գործողությունները Կոսովոյից մինչև Աֆղանստան, այլ մարտահրավերներ:

Արտգործնախարար Նալբանդյանի համաձայն, Հայաստանն ու Միացյալ Նահանգերը կիսում են մի տեսլական՝ նույն տեսլականը, այն է, որ կարևոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միմիայն խաղաղ լուծում գտնելուն ուղղված ջանքերը՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես ուժի չկիրառման, անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության, ինքնորոշման, տարածքային ամբողջականության:

«Նրանք կիսում են այն տեսլականը, որը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, կիսում են ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության նույն արժեքները», - նշել է նախարար Նալբանդյանը՝ հավելելով. «Մենք շատ շնորհակալ են, որ մեր անվտանգության ձեռքբերումից հետո անցած երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է շատ կարևոր աջակցություն Հայաստանին, և մենք շնորհակալ ենք դրա համար»:

«Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև երախտապարտություն հայտնել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերված նշանակալից ներդրման համար՝ հարաբերությունների, որը ներկայում գտնվում են իրենց գագաթնակետին: Եվ ես համոզված եմ և վստահ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք այս հարաբերությունները հասցնել նոր բարձունքների», - եզրափակել է Հայաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG