Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ


Հանդիպման ընթացքում արտգործնախարար Քերրին վերահաստատել է «Ուկրաինայի ժողովրդի անունից ժողովրդավարության և ընտրություն կատարելու հնարավորության համար ընդդիմության առաջնորդների կողմից վարվող պայքարը»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը Գերմանիայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ընդդիմության հիմնական գործիչների հետ:

Մյունխենում աշխատանքը շարունակող անվտանգության համաժողովի շրջանակներում արտգործնախարար Քերրին հանդիպում է անցկացրել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Պետրո Պորոշենկոյի հետ:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, հանդիպման ընթացքում արտգործնախարար Քերրին վերահաստատել է «Ուկրաինայի ժողովրդի անունից ժողովրդավարության և ընտրություն կատարելու հնարավորության համար ընդդիմության առաջնորդների կողմից վարվող պայքարը»:

Արտգործնախարար Քերրին միաժամանակ հորդորել է ընդդիմության ներկայացուցիչներին պահպանել զսպվածությունն ու շարունակել երկխոսությունը կառավարության հետ:

Մյունխենի համաժողովի ընթացքում շաբաթ օրն ավելի վաղ Արևմուտքի տերությունները և Ռուսաստանը խիստ հայտարարություններով են հանդես եկել՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել էր, որ «Ուկրաինայում այժմ ընթանում է ժողովրդավարական, ազատ Եվրոպայի ապագայի համար կարևորագույն պայքարը»՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն այս պայքարում կանգնած են Ուկրաինայի ժողովրդի կողքին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին մեղադրել է Եվրոպայի քաղաքական գործիչներին Ուկրաինայում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ:

Մյունխենի համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները չեն դատապարտել Ուկրաինայում բռնություններ իրականացնող հակակառավարական ցուցարարներին, որոնք վերահսկողություն են հաստատել պետական մարմինների բազմաթիվ շենքերի նկատմամբ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուրբաթ օրը ստորագրել էր երկրում հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց համաներում շնորհելու մասին հրամանագիրը: Համաներումը սակայն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե այլ ցուցարարներ ազատեն կառավարական գրավված շենքերը:
XS
SM
MD
LG