Մատչելի հղումներ

Արտգործնախարարներ Քերին ու Մամադյարովն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին


«Սա սառեցված հակամարտություն է, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը»



ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հունիսի 3-ին հանդիպում է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ:

Հանդիպումից առաջ արտգործնախարարներն ուղերձով հանդես են եկել լրագրողների առջև, պատասխանել նրանց հարցերին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ արտգործնախարար Քերին ասել է, որ անդրադարձել է այս խնդրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումներում:

«Սա սառեցված հակամարտություն է, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը, և մենք պետք է աշխատենք դրա շուրջ: Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք՝ Միացյալ Նահանգներս, լրջորեն հետաքրքրված ենք օգնելու Ադրբեջանին և Հայաստանին առաջընթացի ուղի գտնելու գործում: Պատերազմն ու հակամարտությունը վերջինն է, ինչ մենք կցանկանայինք: Կարծում եմ՝ դեպի առաջ տանող արահետ կա, և մենք կշարունակենք հանգիստ և համբերատար աշխատել՝ փորձելով խրախուսել կողմերին, որպեսզի վերջիններս կարողանան ձեռնարկել փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովելու առաջընթաց կամ այս խնդրի կարգավորման ճանապարհ գտնել: Երկու կողմերն էլ մոտ էին եղել դրան, սակայն վերջին պահին տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք զրկել են բոլորիս այս հնարավորությունից: Այսպիսով, մենք շատ ենք հետաքրքրված դրանով», - ասել է արտգործնախարար Քերին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանն ուղի բռնի դեպի առավել հզոր ժողովրդավարություն, որը կօգնի երկրում բազմակարծության ուժեղացման, ինչը, վերջիվերջո, կնպաստի, որպեսզի հնարավոր դառնա դեպի տարածաշրջանում և իր հարևանների հետ խաղաղության ու կայունության հաստատում ճանապարհ գտնելը:

Իր պատասխան խոսում արտգործնախարար Մամադյարովն ասել է, որ Ադրբեջանը, չնայած հեռու գտնվելով Միացյալ Նահանգներից, հավատում է, թե այն բոլոր մարտահրավերներին, որոնց այն դեմ առ դեմ է կանգնած Միացյալ Նահանգների հետ, հնարավոր կլինի գտնել հառաջ տանող լուծում՝ «ներառյալ հարևան Հայաստանի հետ առկա հակամարտության լուծման, որի հետ մենք միանշանակորեն և անխոհեմորեն ցանկանում ենք արժանապատվությամբ ապրել խաղաղության մեջ»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ավելացնել Միացյալ Նահանգների դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ այս հարցը մանրամասնորեն կքննարկվի Միացյալ Նահանգների արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում:

Արտգործնախարար Քերին իր հերթին հավելեց. «Մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք համանախագահում ենք Մինսկի խումբը: Մենք մտքեր ունենք այն մասին, թե ինչպես է հնարավոր զգուշորեն և խորամտորեն շարժվել այս ճանապարհով»:
XS
SM
MD
LG