Մատչելի հղումներ

Քերրին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ


ԵՄ-ի հանձնակատար Էշթոնի համաձայն, Քերրիի և Զարիֆի երես առ երես անցկացված հանդիպումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը նախապատրաստվում է Իրանի հետ շարունակել համապարփակ բանակցությունները

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին կիրակի օրը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ քննարկելու համար Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրին վերաբերող խնդիրները:

Հանդիպումն անցկացվել է Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովի շրջանակներում:

ԱՄՆ-ի արտգործնախարար բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ հանդիպման ընթացքում Քերրին վերահաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ընթացքում երկու կողմերը պետք է բանակցեն բարեխղճորեն, և որ Իրանը պետք է կատարի անցյալ տարվա նոյեմբերին միջազգային հանդիպման ընթացքում ընդունված Գործողությունների համատեղ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները:

Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի համաձայն, Քերրիի և Զարիֆի երես առ երես անցկացված հանդիպումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը նախապատրաստվում է Իրանի հետ շարունակել համապարփակ բանակցությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նախօրեին հանդիպում էին ունեցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող խաղաղության համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել էին Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Քերրին ու Դավութօղլուն Մյունխենում շաբաթ օրը կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել էին Կիպրոսի խնդրին, ինչպես նաև կղզին երկգոտի, երկհամայնք դաշինքի կազմում միավորելու ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող աջակցությունը:
XS
SM
MD
LG