Մատչելի հղումներ

Քերին ու Հեյգելը Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպումներ կանցկացնեն Վաշինգտոնում


Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը զրուցում է ԱՄՆ-ի իր գործընկեր Քերիի հետ ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող շտաբում 2013 թվականի ապրիլի 23-ին (արխիվային լուսանկար)

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի հետ կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի և զինաթափման մասին նոր ՍՏԱՐՏ պայմանագրի շուրջ առկա խնդիրները

«Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չաք Հեյգլն ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի իրենց գործընկերների հետ»:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի և զինաթափման մասին նոր ՍՏԱՐՏ պայմանագրի շուրջ առկա խնդիրները:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ «Կրեմլը սպասում է բավականին լարված քննարկում»:

Ռյաբկովի համաձայն, երկու պետությունները դեմ առ դեմ կանգնել են «բավականին մեծ թվով սուր, վիճահարույց և դժվարին հարցերի առջև»:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ամերիկյան «Էն-Բի-Սի» հեռուստաընկերությունում երեքշաբթի օրը «Երեկոյան Շոու» ծրագրի ընթացքում, ասել է, թե «Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հետ է անցնում դեպի «սառըպատերազմյան» մտածելակերպ»՝ հավելելով, որ կշարունակի հիշեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սառը պատերազմի անցյալում մնալու հանգամանքի մասին:
XS
SM
MD
LG