Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են լրտեսության մեղադրանքները


Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի համաձայն, երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լորան Ֆաբիուսը պահանջել է ԱՄՆ-ի իր գործընկերոջից բացատրություններ ներկայացնել լրտեսական գործելակերպի շուրջ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ՝ քննարկելու համար Միացյալ Նահանգների հետախուզական կազմակերպությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիների միլիոնավոր հեռախոսազրույցների գաղտնալսումն իրականացնելու մասին մամուլում վերջերս հրապարակված հաղորդագրությունները:

Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի համաձայն, երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լորան Ֆաբիուսը պահանջել է ԱՄՆ-ի իր գործընկերոջից բացատրություններ ներկայացնել լրտեսական գործելակերպի շուրջ՝ «անընդունելի» անվանելով այն:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերիին այս մեղադրանքների վերաբերյալ հարցեր են ներկայացվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով Փարիզ նախօրեին ժամանելուն պես: Քերին հրաժարվել է կոնկրետ մեղադրանքներ քննարկելուց՝ նշելով սակայն, որ Միացյալ Նահանգներն այս խնդիրը կքննարկի Ֆրանսիայի և այլ դաշնակիցների հետ առանձին անցկացվող հանդիպումների ընթացքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, ժամանակակից աշխարհում մարդկանց անվտանգության ապահովումը շատ բարդ խնդիր է, որը ներկայացնում է բազմաթիվ մարտահրավերներ:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայի քաղաքացիների միլիոնավոր հեռախոսազրույցների գաղտնալսումն իրականացնելու մասին հաղորդագրությունները: Մամուլի ներկայացուցիչների հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիման ժամանակ նա ասել է, թե բոլոր երկրները հասկանում են հետախուզական տվյալների հավաքագրման արժեքը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել իր գործելակերպի շուրջ խնդիրները ցանկացած պետության հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, անվտանգության և անձնական տվյալների գաղտնիության միջև միշտ պետք է հավասարակշռություն պահպանվի, և որ Միացյալ Նահանգներն այժմ փորձում է որոշել, թե ինչպես հասնել նման հավասարակշռության:
XS
SM
MD
LG