Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի ընդունի Ուկրաինայի արևելքում անցկացվելիք հանրաքվեները


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին «շինծու» է որակել անցկացվելիք հանրաքվեները՝ նշելով, որ տարածաշրջանում կիրառվում է «ղրիմյան սցենարը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դատապարտել է և անօրինական է որակել Ուկրաինայի արևելյան որոշ մարզերի ինքնավարության և անկախության շուրջ հանրաքվեները, որոնք ռուսաստանամետ անջատողականները նախատեսում են այնտեղ անցկացնել մայիսի 11-ին:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն մայիսի 11-ին անցկացվելիք հանրաքվեն «շինծու» է և չի ընդունվի Արևելքի կողմից:

«Մենք կտրականապես հերքում ենք Ուկրաինայի հետագա մասնատման այս փորձը», - ասել է արտգործնախարար Քերրին՝ նշելով, որ այն կստեղծի նոր խնդիրներ արդեն ստեղծված իրավիճակի լարվածության նվազեցման շուրջ տարվող աշխատանքներում:

«Այս դեպքում, փաստորեն, կրկին կիրառվում է ղրիմյան սենարը, և քաղաքակիրթ որևէ երկիր չի ընդունի շինծու այս միջոցառման արդյունքները», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին իր հերթին, պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 9-ին Ղրիմ այցելություն կատարելու ծրագրերի մասին լրագրողների հարցին, հույս է հայտնել, որ նախագահ Պուտինը «կվայելի Ուկրաինա կատարվելիք իր այցը»:
XS
SM
MD
LG