Մատչելի հղումներ

Քերին կհանդիպի Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ


Դավութօղլուի և Լավրովի հետ հանդիպումները կանցկացվեն Սիրիայում իրավիճակը քննարկելու նպատակով

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երեքշաբթի օրն առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուի և Սերգեյ Լավրովի հետ՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու նպատակով:

Հանդիպումները կկայանան Բրունեյում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների գագաթաժողովի շրջանակներում:

Արտգործնախարար Քերին հայտնել է, որ Դավութօղլուի հետ կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի «վճռորոշ այն դերը, որը Թուրքիան կարող է շարունակել գործել Սիրիայում ստեղծված իրավիճակի վրա»:

Անդրադառնալով Լավրովի հետ կայանալիք հանդիպմանը՝ Քերին ասել է, որ երկու պետությունների արտգործնախարարները համոզված են, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են:

«Բանակցություններն անհրաժեշտ են՝ մանավանդ հաշվի առնելով բռնությունների վերջերս գրանցված սաստկացումը: Ես նախատեսում եմ մանրամասն քննարկել այս հարցը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ և հուսով եմ, որ այս քննարկումից հետո մենք հաղորդելու տեղեկություններ կունենանք», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ հավելելով. «Ասադի վարչակարգը հակահարձակման է անցել: Լավրովի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք, ըստ էության, կքննարկենք այն հարցը, թե ինչպես է հնարավոր գործադրել առավելագույն ջանքերը և ազդեցություն գործել իրավիճակի վրա»:
XS
SM
MD
LG