Մատչելի հղումներ

Զինյալները պնդում են, թե Քենիայում դեռևս պատանդ են պահում


Զինյալների կողմից առևտրի կենտրոնի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վաթսուներկու մարդ, զոհվածների թվում կան Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գանայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի քաղաքացիներ

Սոմալիի «ալ-Շաբաբ» զինյալների խմբավորումը «Twitter» սոցիալական կայքի միջոցով հայտարարություն է տարածել, որի համաձայն իր մարտիկները դեռևս պատանդներ են պահում առևտրի այն կենտրոնում, որը պաշարվել է՝ սկսած անցյալ շաբաթ օրվանից:

Խմբավորման կողմից երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունների համաձայն, զինյալները «պահպանում են իրենց ներկայությունը» Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում, և որ ներսում գտնվում են «անթիվ դիակներ»:

Քենիայի զինված ուժերն այս ընթացքում հայտնել են, թե առևտրի կենտրոնում իրականացնում են «մաքրման» աշխատանքներ: Երկրի ոստիկանությունը հորդորել է բնակչությանն ուշադրություն չդարձնել «ալ-Շաբաբի քարոզչությանը»:

Պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, թե վերահսկողության տակ են վերցրել առևտրի կենտրոնը, և այնտեղ զինծառայողները որոնում են կենդանի մնացածներին: Նրանց համաձայն, պատանդ վերցրած բոլոր անձինք ազատ են արձակվել:

Երեքշաբթի օրը տարածած իր հաղորդագրության մեջ «ալ-Շաբաբ»-ը կրկին նշել է առևտրի կենտրոնի ուղղությամբ իրականացված հարձակման դրդապատճառները՝ ասելով, թե առևտրի կենտրոնում «խաղաղություն կհաստատվի» այն ժամանակ, երբ Քենիան իր զինված ուժերը կհեռացնի Սոմալիից: Քենիայի իշխանությունները մերժել են այս պահանջը:

Զինյալների կողմից առևտրի կենտրոնի ուղղությամբ իրականացված հարձակման և պաշարման հետևանքով զոհվել է առնվազն վաթսուներկու մարդ: Քենիայի անվտանգության ուժերի և զինյալների միջև հրաձգության արդյունքում զոհվել է երեք զինյալ, վնասվածքներ է ստացել 11 զինծառայող:

Զոհվածների թվում կան Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գանայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի քաղաքացիներ:

Քենիայի իշխանությունների համաձայն, ձերբակալվել է առնվազն տասը կասկածյալ, իսկ զինյալների թվում կան մի քանի պետության քաղաքացիներ: Երկրի արտգործնախարարի համաձայն, Նայրոբիի առևտրի կենտրոնի ուղղությամբ իրականացված հարձակմանը մասնակցել է ազգությամբ սոմալիացի կամ արաբ ԱՄՆ-ի երկու կամ երեք քաղաքացի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մեկ հպատակ:
XS
SM
MD
LG