Մատչելի հղումներ

Քարզայ. «Հարձակումները կերկարացնեն օտարերկրյա ռազմական ներկայությունը»


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հորդորել է թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:

Հանդես գալով երկրի մայրաքաղաք Քաբուլում ուսանողների առջև՝ նախագահ Քարզայն ընդգծել է, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:

«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - խոսելով թալիբների մասին՝ ասել է Աֆղանստանի նախագահը:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը հանդիպում կանցկացնեն Բրյուսելում, որտեղ քննարկվելու է 2014 թվականին Աֆղանստանից դաշինքի մարտական ստորաբաժանումների ավելի քան 130 հազար զինծառայողների դուրսբերման ծրագիրը: Ծրագրի հիմնադրույթները մշակվելու են հաջորդ ամիս Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում:

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը սակայն երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Աֆղանստանում ծառայություն անցնող ավստրալիական ստորաբաժանումները դուրս կբերվեն նախատեսվածից մեկ տարի շուտ:

Գիլարիդ համաձայն, Աֆղանստանում ծառայություն անցնող 1550 զինծառայողները Ավստրալիա կվերադառնան մինչև 2013 թվականը, ինչին նպաստել է երկրում անվտանգության իրավիճակի բարելավումն ու Օսամա բին Լադենի ոչնչացումը:

XS
SM
MD
LG