Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահը համաձայն է թողնել ԱՄՆ-ի ռազմակայաններ


Միացյալ Նահանգների հետ գործընկերության մասին պայմանագիրն ինքը պատրաստ կլինի ստորագրել, երբ ԱՄՆ-ն իր հերթին կկատարի այդ պահանջները

Աֆղանստանի նախագահը հայտնել է երկրում Միացյալ Նահանգների ռազմակայանները թողնելու վերաբերյալ Քաբուլի համաձայնության մասին, ինչի փոխարեն Քարզայն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներն անվտանգության և տնտեսական երաշխիքներ կտրամադրեն Աֆղանստանին:

Աֆղանստանի նախագահն ասել է, որ 2014 թվականին օտարերկրյա զինված ստորաբաժանումների դուրսբերումից հետո Միացյալ Նահանգներն Աֆղանստանում ցանկանում է թողնել ինը ռազմակայան:

Աֆղանստանի և Միացյալ Նահանգների իշխանություններն արդեն մի քանի ամիս բանակցություններ են անցկացնում 2014 թվականից հետո, երբ նախատեսվում է դուրս բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումների մեծ մասը, այս երկրում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը սահմանող երկկողմանի գործարք կնքելու շուրջ:

Երկու կողմերը սակայն մինչ այժմ որևէ մանրամասն տեղեկություն չեն ներկայացրել այս գործարքի վերաբերյալ:

Աֆղանստանի նախագահ Քարզայը, հանդես գալով Քաբուլի համալսարանում անցկացվող հանդիսավոր արարողության ժամանակ, ասել է, որ անվտանգության պայմանագրի շուրջ բանակցությունները «վճռորոշ փուլ» են մտել: Նա առաջին անգամ է բացահայտել, որ Վաշինգտոնը ցանկանում է պահպանել վերահսկողությունն Աֆղանստանի տարածքում գտնվող ինը ռազմակայանի, ներառյալ Պակիստանի և Իրանի սահմանամերձ շրջաններում գտնվող երկու ռազմակայանների վերաբերյալ:

Քարզայն ասել է, թե 2014 թվականից հետո Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմակայանների ներկայությունն ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների պահպանումը դրական ազդեցություն կունենան երկրի ապագայի համար:

Աֆղանստանի նախագահը սակայն շեշտել է, որ երկրի բնակիչները կպահանջեն, որ Միացյալ Նահանգները գործադրի առավելագույն ջանքեր՝ խաղաղություն հաստատելու, Աֆղանստանի անվտանգության ուժերը հզորացնելու ուղղությամբ և պատասխանատվություն ստանձնեն երկրի տնտեսական երկարատև զարգացման համար:

Քարզայն ասել է, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության մասին պայմանագիրն ինքը պատրաստ կլինի ստորագրել, երբ ԱՄՆ-ն իր հերթին կկատարի այդ պահանջները:
XS
SM
MD
LG