Քիմ Քարդաշյանը ընդունել է ամուսնալուծվելու մասին որոշում, որով ավարտի է հասցվել Քրիս Համֆրիսի հետ 72 օր տևած իր համատեղ կյանքը:
«Յու-Էս-Էյ Թըդեյ» պարբերականի փոխանցմամբ, Քարդաշյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասում է. «Մանրամասն մտածելուց հետո որոշում ընդունեցի ավարտի հասցնել ամուսնությունս: Հուսով եմ` հասկանալի է, որ նման որոշում հեշտ չի ընդունվել: Հուսով էի, որ այն հավերժ կտևի, սակայն երբեմն ամեն ինչ նախատեսվածի նման չի ընթանում»:
«Վաշինգտոն փոստ» թերթի վկայությամբ, Քիմ Քարդաշյանի ընտանիքը «Twitter» կայքում հրապարակել է իրենց քրոջն ու դստերը սատարելու մասին հաղորդագրություններ:
«Մեր քույրը դժվար ժամանակներ է ապրում, բայց մենք մեկ ընտանիք ենք և, ինչպես միշտ, միասնական ենք», - գրել է Քիմի ավագ քույր Քորթինին: - «Շնորհակալ ենք բոլորին` ցուցաբերած բարության և աջակցության համար»:
Քիմի մայր Քրիս Ջեները և եղբայր Ռոբը «Twitter» կայքում նույնպես աջակցության խոսքեր են հղել Քիմ Քարդաշյանին:
Քիմ Քարդաշյանի եղբայրը մասնավորապես ասել է, որ իր քույրը մեծ դժվարությունների միջով է անցնում և «ընտանիքը սատարում է Քիմի կողմից ընդունված ցանկացած որոշում»: