Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրաուս Քաանն ազատ է արձակվել տնային կալանքից այն բանից հետո, երբ դատախազները կասկածի տակ են առել սեռական բռնությունների մեջ նրան մեղադրող հյուրանոցային հավաքարարի վկայություններն ու մեղադրանքները։
Նյու Յորքի դատարանի դատավորը համաձայնվել է Ստրաուս Քաանին վերադարձնել նրա կողմից մուծված գրավը եւ չեղյալ հայտարարել նրա ազատ տեղափոխման վրա դրված արգելքների մի մասը։ Վերջինիս դատապաշտպանի խոսքերով, իր պաշտպանյալն այժմ կարող է ազատ ճամբորդել ԱՄՆ-ի տարածքում։ Սակայն անձնագիրը նրան դեռեւս չի վերադարձվել։
Դատախազի խոսքերով, մանրազննին կերպով ուսումնասիրվել են հավաքարարի կենսագրությունը, նրա բոլոր հայտարարությունները եւ նրա նախկին գործունեությունը։
Դատարանը, սակայն, դեռեւս չի հանում Քաանի նկատմամբ հարուցված սեռական բռնությունների մասին մեղադրանքները։
Ֆրանսիայի քաղաքական հայտնի գործիչ Ստրաուս Քաանին ձերբակալել էին մայիս ամսին, երբ աֆրիկացի ներգաղթյալ, 32-ամյա հավաքարարը նրան մեղադրել էր հյուրանոցում իրեն բռնաբարելու փորձերի մեջ։
Հիշեցնենք, որ մինչեւ ձերբակալվելը, Ստրաուս Քաանը համարվում էր Ֆրանսիայի նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը։