Մատչելի հղումներ

Դեռահաս օրինախախտների դատավճիռը` Շեքսպիր


Թիմը հասկացել է, որ Շեքսպիր խաղալը հաճելի է, հատկապես` երբ ձեռքի սուր կա:
Թիմը հասկացել է, որ Շեքսպիր խաղալը հաճելի է, հատկապես` երբ ձեռքի սուր կա:

Մանր հանցագործությունների դեպքում երեխաներին ընտրություն է տրվում` անչափահասների հատուկ հաստատություն կամ` Շեքսպիր:

Պատանիներից շատերի համար Շեքսպիր սովորելը հավասար է տանջանքի: Այդպես է Մասաչուսեթս նահանգում, որտեղ մանր հանցագործությունների դեպքում երեխաներին ընտրություն է տրվում` անչափահասների հատուկ հաստատություն կամ` Շեքսպիր:

“Ոմանք այստեղ են գտնվում ավելի ծանր հանցանքների համար: Ես այստեղ եմ զինված հարձակման համար”, - ասում է հաստատության երեխաներից մեկը` Թիմը:

Ինչպես շատերը, տասնհինգամյա Թիմը նույնպես, դերասան լինելու սիրահար չէ:

“Երբ դատավորի վճիռը լսեցի, առաջին միտքս այն էր, որ Շեքսպիրն իմ բանը չէ: Սակայն հետո մտածեցի, որ ավելի հեշտ է, քան աղբ հավաքելը, և որոշեցի փորձել”,-պատմում է նա:

Քիչ ժամանակ անց, սակայն, հասկացել է, որ Շեքսպիր կարելի է սիրել:

“Զինված հարձակում, և ահա Շեքսպիրում ինձ սուր են տալիս: Մտքովս անգամ չէր անցնի: Ուրախ եմ, որ մեզ վստահում են”,-ասում է նաև:

Թատրոնի տնօրեն Քեվին Քոլմընի վստահությունը և հարգանքը փոխադարձ է: Ակնհայտ է, որ պատանիներին դուր է գալիս նրա հետ աշխատելը, քանի որ նա օգնում է հասկանալ Շեքսպիրին:

“Անհրաժեշտ է մատուցել այնպես, որ հուզի նրանց երևակայությունը, խաղը, պատրաստակամությունը: Դրանք արտառոց հատկություններ չեն, բայց եթե հաջողվում է հուզել նրանց, ապա դրանք կենդանանում են”,-բացատրում է Քոլմընը:

Քոլմընը Մասաչուսեթսում “Շեքսպիր ընդ քամփընի”ի կրթական գծով տնօրենն է: Դպրոցի տնօրեն, հետագայում` դեռահասների դատարանի դատավոր Փոլ Պերաչիի առաջարկով, Քոլմընը մշակել է “Շեքսպիրը դատարանում” ծրագիրը:

“Սկզբում Շեքսպիրը ներկայացրեցինք դպրոցական ծրագրերում: Շեքսպիրի հաջողությունը երեխաների շրջանում մեծ էր: Երբ դատավոր դարձա, հասկացա, որ գործ ունենք նույն երեխաների հետ: Նրանք նույն կարիքներն ունեն` ինքնագնահատականի բարձացում, հաղորդակցվելու և բարկությունը կառավարելու հմտություններ”,-պատմում է Պերաչին:

Չնայած դատավոր Պերաչին արդեն թոշակի է անցել, “Շեքսպիրը դատարանում” ծրագիրը շարունակվում է և հաջողություն ունի:

“Նրանք մեզ մոտ են գալիս վրդովված, վախի և անարդարության զգացումով լի: Մենք այդ ամենն ուղղելու համար չենք: Նրանք դեռահասներ են, և անկասկած` խնդիրներ կունենան նաև ծրագրի ավարտից հետո, սակայն համոզված եմ` ոչ նույն չափով”,-ասում է Պերաչին:

Ծրագիրը լայն տարածում է ստացել: Ավելի քան 200 պատանի մասնակցել է դրան: Այժմ Քոլմընը փորձում է կիրառել այն այլ վայրերում:

XS
SM
MD
LG