Մատչելի հղումներ

Մլադիչի դատավարությունն ընդհատվել է


Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանում բոսնիացի սերբերի ռազմական ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի դատավարությունն ընդհատվել է դատավորի կողմից:

Դատավարությունը, ըստ հաղորդագրությունների, ընդհատվել է մեղադրող կողմի թույլ տված սխալների պատճառով:

Դատավարության առաջին օրվա ընթացքում 70-ամյա Մլադիչը սադրիչ արտահայտություններ է թույլ տվել՝ ուղղված զոհերի ընտանիքների հասցեին:

Ռատկո Մլադիչին դատավարության առաջին օրվա ընթացքում ներկայացվել է 11 մեղադրանք, որոնց թվում են Բոսնիա-Հերցեգովինայում ցեղասպանություն, պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ գործելու մեղադրանքները:

Մեղադրող կողմը ներկայացրել է տեսանյութեր, ինչպես նաև Մլադիչի հեռախոսազրույցների ձայնագրություններ՝ որպես Սարաևոյի պաշարման ընթացքում քաղաքացիական անձանց իրականացված սպանությունների մեջ ունեցած իր դերի վկայություն:

Բոսնիացի սերբերի ռազմական ուժերի 70-ամյա նախկին հրամանատարին ներկայացվել է նաև 1995 թվականին Սրեբրենիցայի սպանդն իրագործելու հրաման արձակելու մեղադրանքը: Սրեբրենիցայի սպանդի ընթացքում սպանվել է 8 հազար մահմեդական տղամարդ և տղա:

Մեղադրող կողմի համաձայն, մեղադրականի մեջ օգտագործվում են ավելի քան 400 վկաների կողմից տված վկայությունները, սակայն վկաների միայն մի փոքր մասն է հանդես գալու դատավարության ընթացքում: Վկաները դատարան կներկայանան մայիսի 29-ին:

Բոսնիայի ազգությամբ սերբ բնակիչների զգալի մասը սակայն մինչ օրս Մլադիչին, որը 16 տարի փախուստի մեջ լինելուց հետո մոտ մեկ տարի առաջ ձերբակալվել է Սերբիայում, հերոս է համարում:

Փորձագետների կարծիքով, Մլադիչը կարողացել է երկար տարիներ թաքնվել Սերբիայի զինված ուժերի և գաղտնի ծառայությունների կողմից իրեն ցուցաբերված աջակցության պատճառով:

XS
SM
MD
LG