Ճապոնիայի կառավարությունը մեկնարկել է Անտարկտիկայում կետերի որսի վիճահարույց ծրագիրը դադարեցնելու մասին բանակցություններ։
«Յոմիուրի» ճապոնական թերթի փոխանցմամբ, բանակցությունների անցկացումը պայմանավորված է Ճապոնիայի կետ որսացող նավերի և կետերի որսի դադարեցման կողմ հանդես եկող ակտիվիստների միջև վերջերս տեղի ունեցած բախումներով։ «Sea Shepherd» բնապահպանական կազմակերպությանը պատկանող փոքր նավատորմիկը անընդհատ խոչընդոտում է Անտարկտիկայում ճապոնական նավերի կողմից իրականացվող կետորսը։
Անցյալ շաբաթվա ընթացքում Անտարկտիկայում շարունակվող բախումների հետևանքով Ճապոնիայի կառավարությունն ուրբաթ օրը հայտարարել է կետերի ամենամյա որսի մնացած ժամանակահատվածի դադարեցման մասին։ Որպես այս որոշումն ընդունելու պատճառ կառավարությունը նշել է «Sea Shepherd»-ի կողմից չդադարեցվող հետապնդումները։
Պաշտոնատար անձինք եզրակացրել են, որ երկրի կետերի որսով զբաղվող նավատորմի նավերն ավելի դանդաղաշարժ են, քան բնապահպանական այս կազմակերպության կողմից օգտագործվողները, և այսպիսով խոցելի են դառնում կազմակերպության նավերի հետապնդումներին։
Կետերի որսն առևտրային նպատակներով արգելվել է 1986 թվականին Կետերի որսի միջազգային հանձնաժողովի կողմից, սակայն Ճապոնիան շարունակել է որսը՝ հիմք ընդունելով հետազոտական նպատակներով այս կենդանիների որսը թույլատրող դրույթը։
Կետերի որսի ընդդիմախոսները խիստ քննադատության են ենթարկում Ճապոնիայի կողմից հետազոտական նպատակների վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ որսի արդյունքում սպանված կենդանիների միսն այնուհետև վաճառվում է սպառողներին։