Մատչելի հղումներ

Ճապոնիայում նշվել է Նագասակիի միջուկային ռմբակոծության 66-րդ տարելիցը


Խաղաղության արձան Նագասակի քաղաքում
Խաղաղության արձան Նագասակի քաղաքում

Ճապոնիայի ղեկավարները երեքշաբթի օրը Նագասակի քաղաքի միջուկային ռմբակոծության 66-րդ տարելիցը նշող հանդիսավոր արարողության ժամանակ կոչ են արել հրաժարվել միջուկային էներգիայի օգտագործումից:

Նագասակի քաղաքում 1945 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջուկային ռումբի պայթյունի պատճառով զոհվել էր 74 հազար մարդ, իսկ մինչև 1945 թվականի ավարտը պայթյունի հետևանքով ստացված վնասվածքներից մահացել էր ևս 75 հազար մարդ: Հետագա տարիներին ճառագայթմամբ հարուցված հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառն են դարձել:

Նագասակիի Խաղաղության այգում միջուկային ռմբակոծության հիշատակին անցկացված արարողությանը մասնակցելու համար հավաքվել է մոտ վեց հազար մարդ, ներառյալ 44 պետության դիվանագետ: Արարողության ժամանակ ռմբակոծության զոհերի հիշատակին անցկացվել են աղոթքներ, ընթերցվել անցյալ տարվա ընթացքում մահացած՝ միջուկային ռմբակոծությունը վերապրած մարդկանց անունները:

Նագասակիի քաղաքագլուխ Թոմիհիսա Թաուեն իր խոսքում դիմել է Ճապոնիայի կառավարությանը միջուկային էներգետիկան փոխարինող էներգիայի վերականգնվող աղբյուրների որոնման աշխատանքներն արագացնելու դիմումով:

Արարողությունն այցելած Ճապոնիայի վարչապետ Նաոտո Քանն իր խոսքում խորը ափսոսանք է արտահայտել այն հանգամանքով, որ միջուկային էներգետիկայի ոլորտում այժմ գոյություն ունեցող ընթացակարգերը թույլ չտվեցին պահպանել բնակչությունը Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարից: Վարչապետը համաձայնել է նաև, որ երկիրը պետք է հրաժարվի միջուկային էներգետիկայից իր կախվածությունից:

Նագասակիում անցկացված արարողությունն այցելած Ճապոնիայում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջեյմս Զումվալթը հիշատակի ամենամյա այս արարողությանը երբևէ մասնակցած Միացյալ Նահանգների առաջին պաշտոնատար անձն է: Զումվալթի համաձայն, իր ներկայությունն արտացոլում է աշխարհը միջուկային զենքից ազատելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ցանկությունը:

XS
SM
MD
LG