Մատչելի հղումներ

Ճապոնիայում նշում են կործանիչ ցունամիի երկրորդ տարելիցը


Տարերային աղետի հետևանքով անօթևան դարձած ավելի քան 300 հազար մարդ դեռևս չունեն մշտական բնակարան և բնակվում են ժամանակավոր տնակներում

Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել երկու տարի առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի և ցունամիի 19 հազար զոհերին:

Տարերային այս աղետները դարձել են նաև Չերնոբիլի աղետի ժամանակից միջուկային ամենամեծ ճգնաժամի պատճառը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում երկուշաբթի օրն անցկացված հիշատակի արարողությանը մասնակցել են Ճապոնիայի կայսր Ակիհիտո, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռություն են պահպանել ժամը 14:46-ին՝ այն պահին, երբ 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտակայքում տեղի էր ունեցել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժը:

Ճապոնիայում նույն օրն անցկացվել են նաև բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները կոչ են արել հրաժարվել երկրում միջուկային էներգիայի օգտագործումից:

Երկու տարի առաջ երկրաշարժի հետևանքով առաջացրած ցունամին ավիրել էր առափնյա բազմաթիվ համայնքներ, մեծ վնաս հասցրել «Ֆուկուշիմա» ատոմակայանին և դարձել մոտ 19 հազար զոհի և անհայտ կորածների պատճառը:

Տարերային աղետի հետևանքով վնասված տարածաշրջանները դեռևս դանդաղ են վերականգնվում. ավելի քան 300 հազար մարդ դեռևս չունեն մշտական բնակարան և բնակվում են ժամանակավոր տնակներում:
XS
SM
MD
LG