Մատչելի հղումներ

Ճապոնիայում նշվում է Հիրոշիմայի ողբերգության 68-րդ տարելիցը


Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, որ Ճապոնիան հատուկ պատասխանատվություն ունի՝ միջուկային զենքին վերջ տալու գործում

Միջուկային ռմբակոծության 68-րդ տարելիցին նվիրված արարողություն է անցկացվել Ճապոնիայի Հիրոշիմայի Խաղաղության այգում, որին մասնակցել է 50 հազար մարդ, այդ թվում՝ ռմբակոծություն վերապրած մարդիկ և զոհերի ազգականները:

Հիրոշիմայի միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակը հավաքվածները հարգել են մեկ րոպե լռությամբ:

Արարողությանը մասնակցած Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, որ Ճապոնիան հատուկ պատասխանատվություն ունի՝ միջուկային զենքին վերջ տալու գործում:

«Մենք, ճապոնիացիներս, պատմության մեջ միջուկային զենքի կիրառմամբ հարձակման միակ զոհերն ենք և ունենք որոշ պատասխանատվություն՝ հասնելու միջուկային զենքից ազատ աշխարհի: Մեր պարտքն է՝ հիշեցնել աշխարհին, թե որքան անմարդկային է միջուկային զենքը», - շեշտել է Ճապոնիայի վարչապետը:

Նման պարտականություն է ստանձնել նաև Հիրոշմիայի քաղաքագլուխ Քազումի Մացուին՝ «անմարդկային զենք ու բացարձակ չարիք» անվանելով միջուկային զենքը:

Մարդկության պատմության ընթացքում առաջին միջուկային հարձակման թիրախը դարձած Հիրոշիմայի միջուկային ռմբակոծությունն իրականացվել էր 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի կողմից: Այս ռմբակոծության հետևանքով զոհվել է 140 հազար մարդ: Հիրոշիմայի ռմբակոծությունից երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին, Ճապոնիայի մեկ այլ` Նագասակի նավահանգստային քաղաքի ուղղությամբ իրականացված միջուկային հարձակման զոհ էր դարձել 70 հազար ճապոնացի:
XS
SM
MD
LG