Մատչելի հղումներ

Ճապոնիայում նշում են Նագասակիի միջուկային ռմբակոծության 67-րդ տարելիցը


Նագասակիի միջուկային ռմբակոծության 67-րդ տարելիցին նվիրված արարողության ընթացքում միջուկային էներգիայի օգտագործումից հրաժարվելու կոչ է արվել

Ճապոնիայի պաշտոնյաները Միացյալ Նահանգների կողմից Նագասակիի միջուկային ռմբակոծության 67-րդ տարելիցին նվիրված արարողության ընթացքում միջուկային էներգիայի օգտագործումից հրաժարվելու կոչով են հանդես եկել:

Նագասակիի քաղաքագլուխ Թոմիհիսա Թաուեն հինգշաբթի օրը հորդորել է Ճապոնիայի կառավարությանը մշակել նոր քաղաքականություն, ուղղված առանց ճառագայթվելու մտավախությանը հասարակության ստեղծմանը:

Նագասակիում 1945 թվականի օգոստոսի 9-ի ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողության ընթացքում քաղաքագլուխը զգուշացրել է նաև միջուկային զենքի վտանգների մասին:

Արարողությանը ներկա են գտնվել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան և Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Ռոոսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին Միացյալ Նահանգները երկու ռումբ էր գցել Ճապոնիայի տարածքի վրա: Առաջին ռումբն ԱՄՆ-ի զինված ուժերը գցել էին Հիրոսիմա քաղաքի վրա, որի պայթյունը ակնթարթորեն կամ տարիների ընթացքում՝ ճառագայթման հետևանքով դարձել էր մոտ 140 հազար զոհերի պատճառը: Այս ռմբակոծությունից երեք օր անց Նագասակի քաղաքի վրա նետված ևս մեկ միջուկային ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր քաղաքի 70 հազար բնակիչ: Այս ռմբակոծություններից վեց օր անց Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցող Ճապոնիան հանձնվել էր:

Երկու ռմբակոծությունների տարելիցներն այժմ առանձնահատուկ նշանակություն ունեն Ճապոնիայի համար «Ֆուկուշիմա Դայչի» ատոմակայանում անցյալ տարի տեղի ունեցած վթարներից հետո: Ուժգին երկրաշարժի ու ցունամիի հետևանքով տեղի ունեցած աղետի պատճառով երկրում նոր թափ է առել «հակամիջուկային» շարժումը:
XS
SM
MD
LG