Մատչելի հղումներ

Ճապոնիան մեղադրել է Ռուսաստանի օդային տարածքը խախտելու մեջ


Ռուսաստանը հերքում է Ճապոնիայի մեղադրանքները

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի երկու ռմբակոծչի կողմից հարավային Կյուսյու խոշոր կղզու մոտակայքում հինգշաբթի օրը կարճ ժամանակով իր օդային տարածք մուտք գործելու մասին, ինչին ի պատասխան Ճապոնիան անմիջապես կործանիչներ էր օդ հանել և դիվանագիտական բողոք ներկայացրել:

«ՏՈւ-95» երկու ռմբակոծիչ երկու րոպեից քիչ ժամանակ է անցկացրել Ճապոնիայի օդային տարածքում, ինչը դարձել էր այս տարվա փետրվար ամսից նման առաջին միջադեպը: Փետրվարին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության, Ռուսաստանի երկու կործանիչ մուտք էր գործել Ճապոնիայի օդային տարածք Հոկայդո հյուսիսային խոշոր կղզու մոտակայքում:

Ռուսաստանի ռմբակոծիչների ներխուժմանն ի պատասխան Ճապոնիան օդ էր հանել մարտական «F-2» կործանիչներ:

Ռուսաստանի իշխանությունները սակայն հերքել են Ճապոնիայի օդային տարածքը խախտելու մասին հաղորդագրությունները:

«Ռազմավարական «ՏՈւ-95ՄՍ» երկու ռմբակոծիչ կանոնավոր թռիչք էին իրականացնում Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում: Օդանավերում առկա հսկիչ սարքավորումներն օդային սահմանի որևէ խախտում չեն հայտնաբերել: Երկար տարածություններով թռիչք կատարող օդանավերը չեզոք ջրերով կատարվող ամբողջ թռիչքի ընթացքում ուղեկցվել են Ճապոնիայի օդուժի կործանիչներով», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Այս միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում այս տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի միջև անցկացվել էին տարածքային երկարատև վեճի կարգավորմանն ուղղված բանակցություններ:

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև առկա տարածքային տարաձայնությունը ներառում է Խաղաղ օվկիանոսում գտնվող չորս փոքր կղզիները, որոնց նկատմամբ պահանջներ են ներկայացվում երկու պետությունների կողմից: Այս կղզիները, որոնք Ռուսաստանը գրավել էր 1945-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին, Ճապոնիայում անվանում են Հյուսիսային տարածքներ, իսկ Ռուսաստանում՝ Կուրիլյան կղզիներ:
XS
SM
MD
LG