Մատչելի հղումներ

«Ստատուս քվոն չպետք է ընդունելի լինի». Ջեյմս Ուորլիք


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիք (արխիվային լուսանկար)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիք (արխիվային լուսանկար)

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը հասնելու համար բոլոր կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական առավել մեծ հանձնառություն»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը հասնելու համար բոլոր կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական առավել մեծ հանձնառություն»:

«Ստատուս քվոն չպետք է ընդունելի լինի», - գրել է փոխնախագահ Ջեյմս Ուորլիքը:

Փարիզում հունվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը:

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարները վերահաստատել են խաղաղ, բանակցային կարգավորմանն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

«Դեսպան Կասպրչիկը համանախագահներին ներկայացրել է սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումները: Համանախագահները խորը մտահոգություն են արտահայտել տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ՝ շեշտելով, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցային գործընթացը և նվազեցնում խաղաղության հաստատելու հեռանկարները: Նրանք հորդորել են բոլոր կողմերին հետևել զինադադարի մասին համաձայնությանն ամբողջությամբ և առանց նախապայմանների», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, արտգործնախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Փարիզում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նշել է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը «մնում է այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը»:

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորման:

«Դա է, անկասկած, մեր նպատակը: Այն չի փոխվել: Մենք գիտենք, որ դա դժվար է, բայց շարունակելու ենք աշխատելու այդ ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը:
XS
SM
MD
LG