Մատչելի հղումներ

Իվանիշվիլին հորդորել է կողմնակիցներին դադարեցնել փողոցային ցույցերը


«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդի կարծիքով, ընտրությունների հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծում ստանան դատարանում

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հորդորել է իր կողմնակիցներին դադարեցնել երկրի կառավարության դեմ ուղղված փողոցային ցույցերը:

Իվանիշվիլին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ընտրությունների հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծում ստանան դատարանում՝ հավելելով, որ «Վրացական երազանք» դաշինքը իշխանության գլուխ է անցնում և շուտով վերահսկողություն կհաստատի երկրի խորհրդարանում:

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդը հինգշաբթի օրն ասել է նաև, որ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կկատարվի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:

Այս հայտարարությամբ միլիարդատեր բիզնեսմեն Բիձինա Իվանիշվիլին փորձել է հերքել այն ասեկոսեները, որոնց համաձայն ինքը ռուսամետ քաղաքական գործիչ է:

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Իվանիշվիլին, որը վարչապետ դառնալու հույսեր ունի, ավելի վաղ ասել էր, թե աշխատելու է սերտ համագործակցություն հաստատել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Նա նշել էր նաև, որ չի փոխելու Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի բռնած ուղղությունը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել էր երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած իշխող կուսակցության պարտությունը:

Հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները մեղադրում նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու, ինչպես նաև Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողություն վերահաստատելու նպատակով 2008 թվականի կարճատև պատերազմ հրահրելու մեջ:
XS
SM
MD
LG