Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատի է տվել Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի իր քաղաքացիությունը չեղյալ հայտարարելու համար:
Վրաստանի իշխանություններն այս քայլին են դիմել, երբ հոկտեմբեր ամսին հայտնի է դարձել, որ Իվանիշվիլին ունի նաև Ֆրանսիայի քաղաքականություն:
Թբիլիսիի դատարաններից մեկում երկուշաբթի օրն անցկացվել է լսում Իվանիշվիլիի գործով, սակայն միլիարդատիրոջ փաստաբանները հայտնել են, որ իրենց կողմից նախագահող դատավորին փոխելու մասին ներկայացված միջնորդությունը մերժվել է:
Այս գործով հաջորդ լսումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին:
Վրաստանի իշխանությունների համաձայն, Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2004 թվականին, երբ նա բնակություն է հաստատել Վրաստանում՝ վերադառնալով Ռուսաստանից, որի քաղաքացի էր նա հանդիսանում այդ ժամանակ: Իվանիշվիլին Ֆրանսիական անձնագիր է ստացել 2009 թվականին՝ խախտելով բազմաքաղաքացիությունն արգելող Վրաստանի օրենսդրությունը:
Անցյալ կիրակի օրը քաղաքական գործունեություն ծավալած միլիարդատերն անցկացրել է «Վրացական երազանք» հասարակական նոր շարժման առաջին համաժողովը, որին մասնակցել է իր մի քանի հազար կողմնակից, ներառյալ նախկին նախարարներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, դերասաններին և մարզիկներին:
Բացման խոսքում Իվանիշվիլին ասել է, որ շարժումը մարտահրավեր է նետելու Վրաստանում իշխանության գլուխ կանգնած նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Իվանիշվիլին նշել է, որ երկրի ներկայիս ղեկավարությունը սպառել է իր ներքին և արտաքին ռեսուրսները և դարձել հասարակության և պետության զարգացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը:
«Ժամանակն է եկել, որ բոլորս սկսենք նոր Վրաստան կառուցել», - ասել է Իվանիշվիլին: