Մատչելի հղումներ

Իտալիան 4 հազար միգրանտի է փրկել Միջերկրական ծովում


Իտալիայի իշխանությունները պահանջել են, որ Եվրոպական Միությունն Իտալիային միգրանտների հետ կապված հարցում ավելի մեծ օժանդակություն տրամադրի

Իտալիայի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրի անվտանգության ուժերին Միջերկրական ծովում հաջողվել է փրկել 4 հազար միգրանտի, և պահանջել, որ Եվրոպական Միությունն Իտալիային միգրանտների հետ կապված հարցում ավելի մեծ օժանդակություն տրամադրի:

Իտալիայի ներքին գործերի նախարար Անգելինո Ալֆանոն չորեքշաբթի օրն ասել է, որ երկիր ժամանող միգրանտների հետ կապված իրավիճակն օրեցօր վատթարանում է, և միգրանտներով լի նավերը շարունակում են ժամանել Իտալիա:

Նա պահանջել է Եվրոպական Միությունից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ երկրի տարածքային ջրերի վերահսկողությունն ամրապնդելու նպատակով, քանի որ, ըստ Իտալիայի ներքին գործերի նախարարի, այս ուղղությամբ մինչ օրս գործադրված ջանքերը, որոնց իրականացման համար ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, թույլ չեն տվել լուծել միգրանտների հետ կապված խնդիրը:

Իտալիայի ներքին գործերի նախարարը, բացի այդ, դատապարտել է Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների վտանգավոր ճանապարհորդությունը կազմակերպողներին՝ «մահվան վաճառական» անվանելով վերջիններիս:

Հազարավոր աֆրիկացիներ ամեն տարի վտանգում են իրենց կյանքը՝ Իտալիային պատկանող կղզիների միջոցով Եվրոպա մուտք գործելու համար: Նրանք փախուստի են դիմում իրենց պետություններում չդադարող պատերազմներից, աղքատությունից և քաղաքական խռովություններից:
XS
SM
MD
LG