Մատչելի հղումներ

Ավտոբուսի վթար Իտալիայում, կան բազմաթիվ զոհեր


Այս վթարը դարձել է Հարավային Եվրոպայում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած արդեն երկրորդ վթարը

Իտալիայի հարավում մարդատար ավտոբուսն ընկել է կամուրջից, ինչի հետևանքով զոհվել է 39 մարդ, տասը մարդ ստացել է ծանր վնասվածքներ:

Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան երկուշաբթի օրը «մեծ ողբերգություն» է անվանել տեղի ունեցածը:

«Այն, ինչ տեղի է ունեցել անցյալ գիշեր, շատ տխուր իրադարձություն է Իտալիայի համար: Մենք բառ չենք գտնում՝ արտահայտելու մեր վիշտը», - ասել է Իտալիայի վարչապետը:

Վթարի փաստով հարուցված հետաքննության նախնական արդյունքների համաձայն, ավտոբուսը շարժվում էր բարձր արագությամբ, և Նեապոլ քաղաքից դեպի արևելք գտնվող Մոնտեֆորտե Իրպինո քաղաքի մոտակայքում գտնվող կամուրջից կիրակի երեկոյան վայր ընկնելուց առաջ խփել էր մի քանի մեքենա, ապա անցել ճանապարհի եզրին տեղադրված արելափակոցները և ընկել ձորը:

Վթարի պահին ավտոբուսի մեջ գտնվում էր 50 մարդ, ուղևորների թվում կային բազմաթիվ երեխաներ:

Այս վթարը դարձել է Իտալիայի պատմության մեջ ավտոմոբիլային ամենածանր վթարը և վերջին հինգ օրվա ընթացքում բազմաթիվ զոհերի բերած ամենամեծ վթարը Եվրոպայի հարավում: Հիշեցնենք, որ Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքի մոտակայքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 79 մարդ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը, ըստ մամուլի հաղորդագրության, խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
XS
SM
MD
LG