Չորեքշաբթի օրը բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի արևելյան հատվածում, ներառյալ մահմեդականների և հրեաների համար սուրբ վայրերում, Իսրայելի ոստիկանության և պաղեստինցի խռովարարների միջև:
Երուսաղեմի արևելյան հատված էր ուղարկվել մոտ հազար ոստիկան, որոնք իրենց ուղղությամբ քարեր նետող և առնվազն երկու մեքենա կրակի տված խռովարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և կրակել ռետինե գնդակներ:
Բռնությունները սկսվել էին, երբ Երուսաղեմի արևելյան հատվածի Սիլվան թաղամասում Իսրայելի անվտանգության ուժերի ծառայողներից մեկը կրակ է բացել իր մեքենան շրջափակած և դրա վրա քարեր նետող պաղեստինցիների խմբի ուղղությամբ:
Կրակոցի հետևանքով զոհվել էր 32-տարեկան մի պաղեստինցի: Միջադեպի ժամանակ վիրավորվել էին պաղեստինցիներից երկուսը: