Մատչելի հղումներ

Իսրայելում հարգանքի տուրք են մատուցել հրեական Ողջակիզման նահատակներին


Ամբողջ երկրում երկուշաբթի առավոտյան երկու րոպեի ընթացքում հնչել են ձայնային ազդանշաններ, իրենց ընթացքը դադարեցրել են երթևեկությունն ու հետիոտները

Իսրայելում երկուշաբթի օրը հարգանքի տուրք է մատուցվել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում իրականացված հրեական Ողջակիզման նահատակներին:

Ամբողջ երկրում երկուշաբթի առավոտյան երկու րոպեի ընթացքում հնչել են ձայնային ազդանշաններ, իրենց ընթացքը դադարեցրել են երթևեկությունն ու հետիոտները: Բազմաթիվ մարդիկ դուրս էին եկել իրենց մեքենաներից՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելով հրեական Ողջակիզման զոհերին:

Այսօր Իսրայելում անցկացվում են զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ արարողություններ: Հրեական Ողջակիզման ընթացքում զոհվածների անունները կընթերցվեն Իսրայելի խորհրդարանում:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հրեական Ողջակիզումը «ժամանակակից դարաշրջանի ամենասարսափելի հանցագործություն» էր անվանել:

Նախագահ Աբբասի այս հայտարարությունը հրապարակվել էր պաղեստինցիների պաշտոնական «WAFA» լրատվական գործակալության կողմից՝ Իսրայելում նշվող Ողջակիզման հիշատակի օրվանից մի քանի ժամ առաջ:

Պաղեստինցիների նախագահի կողմից արված հայտարարությունը ֆաշիստների կողմից իրականացրած հրեական Ողջակիզման ժամանակ հրեաների տառապանքների հազվադեպ ճանաչում է, որն արվել է ազգությամբ արաբ առաջնորդի կողմից:
XS
SM
MD
LG