Իսրայելի և Լիբանանի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ իսրայելա-լիբանանյան սահմանին երկու կողմերի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ըստ Լիբանանի անվտանգության գործակալության պաշտոնյայի, վիրավորվել են լիբանանցի մեկ զինվոր և մեկ քաղաքացիական անձ:
Համաձայն Լիբանանի բանակի խոսնակի, բախումները սկսվել են այն ժամանակ, երբ Իսրայելի զինվորները սահմանագծի լիբանանյան հատվածում ծառ հատելու փորձ էին կատարել:
Լիբանանում գործող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը կոչ են արել երկու կողմերին պահպանել «առավելագույն զսպվածություն»: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խոսնակը ասել է, որ առաջնահերթ է սահմանամերձ տարածաշրջանում «անդորրը վերականգնելը»:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն իրականացնում են հարավային Լիբանանի պարեկություն` Իսրայելի և Լիբանանի Հեզբոլլահ զինյալ խմբավորման միջև զինադադարը վերահսկելու նպատակով:
2006 թվականին Հեզբոլլահ խմբավորման և Իսրայելի միջև 34 օր տևած պատերազմի ընթացքում Լիբանանում զոհվել է 1200 մարդ, որոնց հիմնական մասը կազմում էին քաղաքացիական անձինք: Զոհվել էր նաև մոտ 160 իսրայելցի: