Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ շրջափակումը Գազայի գոտու նկատմամբ չի դադարեցվելու, քանի դեռ միջազգային մարդասիրական կազմակերպություններին հնարավորություն չի ընձեռվել տեսակցելու պաղեստինցի զինյալ «Համաս» խմբավորման կողմից գերի վերցված իսրայելցի զինվորին:
Ավիգդոր Լիբերմանն ավելացրել է նաև, որ գերի ընկած իսրայելցի զինվոր Գիլաթ Շալիթի Կարմիր խաչի հետ հանդիպումը նվազագույն նախապայմանն է եռամյա շրջափակումը դադարեցնելու համար:
«Համասը» մերժել է այս առաջարկությունը` նշելով, թե Իսրայելի գործողությունները նպատակ ունեն միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր կողմից իրականացվող շրջափակումը շարունակելու համար:
Մինչ այս, «Համաս»-ը հանդես էր եկել իսրայելցի զինվորին մի քանի հարյուր պաղեստինցի ռազմագերիների հետ փոխանակման վերաբերյալ առաջարկով, որը, սակայն, մերժել է իսրայելական կողմը:
Ի դեպ, հինգշաբթի օրը Իսրայելը համաձայնել է թույլատրել Եգիպտոսի միջոցով դեպի Գազայի գոտի տեղափոխվող որոշ մթերքների ներմուծումը: Իսրայելի այս որոշումը հրապարակվել է Բարաք Օբամայի Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից ժամեր առաջ: