Մատչելի հղումներ

Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնելու Իսրայելից


Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնելու Իսրայելից

Իսրայելի ռազմական ոլորտի պաշտոնյաները կիրակի օրը հաստատել են Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի անօդաչու օդանավեր, ինչպես նաև զենիթային և հրթիռային պաշտպանության համակարգերի գնման գործարք կնքելու մասին լուրերը:

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, «Israel Aerospace Industries» ընկերության կողմից գործարքն իրականացվել է այն ժամանակ, երբ Իսրայելը փորձում է դիվանագիտական դաշինքներ ստեղծել մի տարածաշրջանում, որտեղ թափ են հավաքում Հրեական պետության նկատմամբ թշնամական տրամադրությունները:

Ըստ պարբերականի, դեռևս հայտնի չէ, արդյոք Ադրբեջանի հետ սպառազինությունների վաճառքի մասին կնքված գործարքը կապված է Իրանի ուղղությամբ հարված հասցնելու Իսրայելի հնարավոր ծրագրերի հետ, քանի որ Իսրայելի պաշտպանության ոլորտի պաշտոնյաները տրամադրել են տեղեկությունները՝ իրենց անունը չնշելու պայմանով:

«Վաշինգտոն փոստ»-ը գրում է, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության նախկին ղեկավար Դենի Յաթոմը նշել է, թե, իր կարծիքով, այս գործարքի կնքման ժամանակը և Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը համընկել են պատահաբար, քանի որ «նման գործարքն ավարտի հասցնելու համար զգալի ժամանակ է պահանջվում»:

Յաթոմի համաձայն, Իսրայելը շարունակելու է զենք վաճառել բարեկամական պետություններին:

«Եթե դա նպաստելու է Իրանի համար դժվարություններ ստեղծելուն, ապա դա նույնիսկ ավելի լավ է», - հավելել է «Մոսսադ»-ի նախկին պետը:

XS
SM
MD
LG