Մատչելի հղումներ

Իսրայելը քիմիական զենք կիրառելու մեջ է մեղադրել Սիրիային


Իսրայելի ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, «ամենայն հավանականությամբ» Սիրիայում ապստամբների դեմ կիրառվել է նյարդապարալիտիկ «զարին» թունավոր նյութը

Իսրայելը Սիրիայի իշխանություններին մեղադրել է նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ:

Իսրայելի ռազմական հետախուզության հետազոտությունների և վերլուծության վարչության ղեկավար, բրիգադային գեներալ Իթայ Բրունը երեքշաբթի օրն անվտանգության հարցերի շուրջ անցկացված համաժողովի ժամանակ ասել է, թե «ամենայն հավանականությամբ» ապստամբների դեմ կիրառվել է նյրադապարալիտիկ «զարին» թունավոր նյութը:

Սիրիայի կառավարությունն ու ապստամբները միմյանց են մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Միավորված ազգերի կազմակերպությունն իր հերթին ցանկանում է Սիրիա ուղարկել քննիչների մի խումբ՝ այս մեղադրանքների կապակցությամբ հետաքննություն իրականացնելու համար: Այս ամսվա սկզբին սակայն Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից երկիր քննիչների մուտք գործելու մասին ներկայացված դիմումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին ասել է, թե մասնագետների խումբը պատրաստ է Սիրիա ժամանելու ցանկացած ժամանակ, երբ տրվի երկիր մուտք գործելու թույլտվությունը: Նրա համաձայն, այս ընթացքում քննիչները զբաղված են «փաստահավաք գործունեությամբ», որի համար օգտագործվում են հասանելի տեղեկությունները:
XS
SM
MD
LG