Գազայի գոտու պաղեստինցիներին մարդասիրական օգնություն առաքող թուրքական նավի վրա իսրայելյան սահմանապահ ուժերի կողմից մայիս ամսին իրակակացված հարձակումից հետո երկու երկրների միջեւ առաջ եկած լարվածությունը մեղմելու նպատակով, Բելգիայի մայրաքաղաքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Բենյամին Բեն-Էլիզերին։
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել գաղտնի, սակայն դրա մասին հայտնի է դարձել Իսրայելի հեռուստակայաններից մեկի հաղորդման արդյունքում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք են դիմել Բեն-Էլիզերին՝ ոչ պաշտոնական քննարկումներ անցկացնելու խնդրանքով, որն արգելելու համար, ըստ նույն հաղորդագրության, ՝՝Իսրայելի վարչապետը պատճառ չի տեսնում՛՛։
Թուրքական կողմից դեռեւս չկա որեւէ մեկնաբանություն։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հորդորել էր Իսրայելին ներողություն խնդրել մարդասիրական նավի վրա իրականացված հարձակման համար, փոխհատուցել զոհերի ընտանիքներին եւ հանել Գազայի գոտու շրջափակումը։
Թուրքիայի արտգործնախարարի հետ գաղտնի հանդիպում անցկացնելու մասին հաղորդագրությունը զայրացրել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին։ Վերջինիս խոսքերով, ինքը տեղյակ չի եղել ոչ պաշտոնական այս հանդիպման կազմակերպման մասին։ Նա մեղադրել է վարչապետ Նեթանյահուին՝ իր խոսքերով ասած, իրենց միջեւ ՝՝առկա վստահությանը ուժեղ ապտակ հասցնելու՛՛ մեջ։
Լիբերմանի աջակողմյան տեսակետները շատ հաճախ չեն բխում Իսրայելի դաշնակից երկրների շահերից, այդ պատճառով Նեթանյահուն վերջին ժամանակներս նրան փորձում է հետ պահել միջազգային կարեւոր հարցերից։