Մատչելի հղումներ

Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել «Մահմեդական եղբայրության» թեկնածուն և նախկին պաշտոնյան


Եգիպտոսի պաշտոնյաները երկուշաբթի օրը հաստատել են, որ երկրում անցյալ շաբաթ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել «Մահմեդական եղբայրության» կողմից առաջադրված, ինչպես նաև նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության նախկին պաշտոնյան թեկնածուները:

«Մահմեդական եղբայրության» կողմից առաջադրված թեկնածու Մոհամեդ Մորսին հավաքել է 5764952 ձայն, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած նախկին վարչապետ, աշխարհիկ հայացքներին հարող Ահմեդ Շավիքին իրենց ձայնն է տվել 5505327 ընտրող:

Երկրի ընտրական հանձնաժողովի համաձայն, նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցել է Եգիպտոսում ձայնի իրավունք ունեցող 50 միլիոն ընտրողների 46 տոկոսը:

Նախագահական առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել հունիսի 16-ից 17-ը, իսկ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի անունը կհայտարարվի հունիսի 21-ին: Ընտրությունների երկրորդ փուլում երկրի բնակչությունը հնարավորություն կունենա ընտրություն կատարել տարբեր հայացքների հարող թեկնածուների միջև:

Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի դեմ դրված կլինի հսկա խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը, քանի որ Եգիպտոսի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում՝ զբոսաշրջության ոլորտում գրանցված կտրուկ անկման, հանցավորության բարձր մակարդակի և չդադարող գործադուլների պատճառով:

XS
SM
MD
LG