ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իռլանդիայի նորընտիր վարչապետ Էնդա Քենիի հետ քննարկել է Իռլանդիայի տնտեսության ապագա զարգացումը և այս երկիր այցելելու իր ծրագրերը։
Օբաման շնորհավորել է Իռլանդիայի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսական ճգնաժամից Իռլանդիայի տնտեսության վերականգնման ընթացքը: Օբաման խոստացել է, որ Միացյալ Նահանգները հնարավորության սահմաններում կտրամադրի Իռլանդիայի վերականգնման համար անհրաժեշտ օգնություն:
Իռլանդիայի վարչապետն իր հերթին նշել է, որ իր երկրի նոր կառավարությունը շարունակելու է զարգացնել երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները` շեշտելով, որ շատ ուրախ է տեղեկանալ ԱՄՆ-ի նախագահի կողմից Իռլանդիա այցելելու ծրագրերի մասին:
Իռլանդիայի ղեկավարները ավանդաբար այցելում են ԱՄՆ մարտի 17-ին` Իռլանդիայի Սուրբ Պատրիկ պահապանի օրը նշելու նպատակով:
Իռլանդական ծագում ունեցող ամերիկացիների նախնիներից շատերը Միացյալ Նահանգներ են ժամանել 1840-ական թվականներին` փրկվելով Իռլանդիայի մեծ սովից: