Իրաքում ոստիկանության բաժանմունքի վրա մահապարտ մի ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է` 50, վնասվածքներ ստացել առնվազն 150 մարդ:
Սադամ Հուսեյնի ծննդավայր Թիքրիթ քաղաքում հարձակումն ուղղված է եղել ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքված` ոստիկանությունում աշխատանքի դիմողների խմբի վրա:
Հարձակումից հետո մզկիթները դիմել են քաղաքի բնակիչներին` վիրավորների համար արյուն հանձնելու կոչով:
Իրաքում մահապարտների կողմից վերջերս իրականացվել են ահաբեկչական մի շարք հարձակումներ: Այսպես, երկուշաբթի օրը ահաբեկչական հարձակում էր կատարվել Իրաքի Անբար նահանգի նահանգապետին տեղափոխող ավտոշարասյան վրա, որին զոհ էր գնացել վեց մարդ: Նահանգապետը վնասվածքներ չի ստացել:
Անցյալ ամիս Ռամադի քաղաքի կառավարական շենքի մոտակայքում գրեթե միաժամանակ իրականացված ահաբեկչական երկու հարձակումների արդյունքում զոհվել էր ինը, վնասվածքներ ստացել` 50 մարդ: