Մատչելի հղումներ

Իրաքը զգուշացրել է «ալ-Քաիդա»-ի վերականգնվելու վտանգի մասին


Վարչապետ ալ-Մալիքիի համաձայն, «ալ-Քաիդա»-ի հնարավոր վերականգնումը վտանգ է ներկայացնում ինչպես Իրաքի, այնպես էլ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին:

Բանակցություններից առաջ Իրաքի վարչապետը զգուշացրել է, որ «ալ-Քաիդա»-ի հնարավոր վերականգնումը վտանգ է ներկայացնում ինչպես Իրաքի, այնպես էլ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար:

Նախագահ Օբամայի հետ բանակցություններից առաջ Իրաքի վարչապետն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի, արտգործնախարար Ջոն Քերիի և ԱՄՆ-ի վարչակազմի այլ պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների հետ:

Իրաքի վարչապետը, հանդես գալով նախօրեին Վաշինգտոնում գործող Խաղաղության ինստիտուտում, ընդունել է, որ իրավիճակն իր երկրում վատթարանում է, և որ ամբողջ աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի՝ «ալ-Քաիդա»-ի վերականգնումը չթույլատրելու համար:

Վարչապետ ալ-Մալիքին և ԱՄՆ-ի Սպիտակ տունը համամիտ են Իրաքում 2006-ից 2008 թվականները տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակից բռնությունների կտրուկ աճի պատճառների մասին, որին այս տարի զոհ է գնացել առնվազն 7 հազար մարդ:

Իրաքի վարչապետի համաձայն, և՛ սունիների, և՛ շիաների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձող ահաբեկչական հարձակումների իրականացման համար պատասխանատվություն է կրում «ալ-Քաիդա»-ն, սակայն արտերկրից Իրաք ժամանող ահաբեկիչներին օժանդակություն են տրամադրում նաև Իրաքի բնակիչները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի համաձայն, Միացյալ Նահանգները շատ է մտահոգված Իրաքում բռնությունների կտրուկ աճի փաստով:

«Կարևոր է կենտրոնանալ բռնությունների աղբյուրի վրա, այն է՝ «ալ-Քաիդա»-ն ու դրա մասնաճյուղերը, որոնք փորձում են հրահրել մի շարք միջկրոնական հակամարտություններ: Վստահ ենք սակայն, որ դա նրանց չի հաջողվի», - նշել է ԱՄՆ-ի մամուլի քարտուղարը:
XS
SM
MD
LG