Մատչելի հղումներ

Իրաքում բնակվող քրդերը ցույց են անցկացրել` բողոքելով Թուրքիայի հրետանային հարվածների դեմ


Իրաքում բնակվող քրդերը բողոքի ցույցը Թուրքիայի հրետանային հարվածների դեմ

Հյուսիսային Իրաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության մոտ անցկացված բողոքի ցույցի ընթացքում մի քանի հարյուր ցուցարար իրենց բողոքն են արտահայտել սահմանամերձ այս շրջանում Թուրքիայի զինված ուժերի կողմից հրետանու կիրառմամբ:

Ցուցարարները կոչ են արել Անկարային դադարեցնել հրետանային հարվածները, որոնք ադրեն դարձել են քաղաքացիական բնակչության թվից յոթ անձանց մահվան պատճառը:

Բողոքի այս ցույցը տեղի է ունեցել Իրաքի կիսաինքնավար Քրդստանի շրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից քուրդ ապստամբների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում զոհվել է 90-ից 100 ապստամբ:

Թուրքիայի զինված ուժերի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն անցյալ շաբաթից իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում խոցել են 132 թիրախ, իրականացված գործողությունների արդյունքում ևս 80 ապստամբ վնասվածքներ է ստացել:

Հաղորդագրության համաձայն, ցամաքային և օդային գործողությունները շարունակվելու են:

Անկարայի կողմից հարձակումների իրականացումը կատարվում է ի պատասխան քուրդ ապստամբների կողմից անցյալ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի շարասյան ուղղությամբ իրականացված հարձակման:

Թուրքիայի հարավ-արևելքում օգոստոսի 17-ին պայթուցիկի կիրառմամբ հարձակման հետևանքով զոհվել է Թուրքիայի զինված ուժերի ութ զինծառայող:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը հայտնել էր, որ ճանապարհի եզրին տեղադրված չորս ռումբ գործարկվել է չորեքշաբթի առավոտյան Իրաքի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում երկրի զինված ստորաբաժանումներից մեկի ավտոշարասյան անցնելու ժամանակ:

Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ էր արել վրեժխնդիր լինել քուրդ ապստամբների նկատմամբ, քանի որ, իր համոզմամբ, հարձակումն իրականացնելու համար պատասխանատվություն են կրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները:

Այս հարձակումն իրականացվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից մի քանի օր անց, որի ընթացքում ինքը հայտնել է «ապստամբների նկատմամբ Թուրքիայի համբերության սպառվելու» մասին:

XS
SM
MD
LG