Մատչելի հղումներ

Բախումներ Իրանում՝ դրամի արժեզրկման դեմ բողոքողների և ոստիկանության միջև


The euro and United States 100-dollar banknote bearing the portrait of US statesman, inventor and diplomat Benjamin Franklin next to Iran's rial banknotes, bearing a portrait of Iran's late founder of Islamic Republic Ayatollah Ruhollah Khomeini in Tehra
The euro and United States 100-dollar banknote bearing the portrait of US statesman, inventor and diplomat Benjamin Franklin next to Iran's rial banknotes, bearing a portrait of Iran's late founder of Islamic Republic Ayatollah Ruhollah Khomeini in Tehra

Ազգային արժույթի արժեզրկման մեջ Իրանի նախագահը մեղադրել է «Իրանի թշնամիների կողմից գործադրվող հոգեբանական ճնշումը»

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և երկրի ազգային արժույթի արժեզրկման դեմ հանդես եկող ցուցարարների միջև:

Թեհրանի կենտրոնում անցկացված բողոքի ցույցը, ականատեսների վկայության համաձայն, ցրվել է ոստիկանության հատուկ ուժերի կողմից:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մամուլի հետ երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ ասել է, որ իր կառավարության քաղաքականությունը որևէ առնչություն չունի Իրանի արժույթի՝ ռիալի արժեզրկման հետ: Փոխարենն ազգային արժույթի արժեզրկման մեջ Ահմադինեջադը մեղադրել է «Իրանի թշնամիների կողմից գործադրվող հոգեբանական ճնշումը»:

Նախագահ Ահմադինեջադն ասել է նաև, որ կառավարությունն ունի արտարժույթի բավարար պաշարներ՝ երկրի կարիքները բավարարելու համար:

Ռիալի փոխարժեքի անկումը դժվարացրել է Իրանի ընկերությունների կողմից արտասահմանյան արտադրության ապրանքների ներմուծումը: Երկրի բնակիչներից շատերը շտապում են փոխել ռիալն արտարժույթի՝ կուտակված գումարները պահպանելու նպատակով:

Հիշեցնենք, որ Իրանի արժույթը՝ ռիալը, երկուշաբթի օրվա ընթացքում արժեզրկվել է 17 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց 29600 ռիալ փոխարժեքից հասնելով 34500 ռիալ ցուցանիշի:

Իրանի դրամն այս տարի արժեզրկում է ապրել՝ Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հետևանքով, որոնց նպատակն է՝ ստիպել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ծրագրերը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, ռիալի փոխարժեքի անկումը վկայում է «միջազգային հանրության կողմից Իրանի տնտեսության նկատմամբ գործադրվող չդադարող և հետզհետե ավելացող ճնշման հաջողության մասին»:

Նուլանդն ասել է, թե Արևմտյան պետությունների կողմից գործադրվող պատժամիջոցները կարևոր գործիք են՝ ստիպելու համար Իրանին փոփոխություններ իրականացնել միջուկային իր ծրագրում:

Իրանի տնտեսական խնդիրների պատճառով երկրի ներսում աճում է նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարման եղանակի քննադատությունը:

Արժութային ճգնաժամին Իրանի կառավարությունն արձագանքել է՝ անցյալ ամիս ստեղծելով «արժույթի փոխանակման կենտրոններ», որոնք հիմնական ապրանքատեսակներ ներմուծողներին դոլար են տրամադրում պաշտոնական փոխարժեքից՝ 12260 ռիալ մեկ դոլարի դիմաց մի փոքր ավելի ցածր փոխարժեքով:

Որոշ տնտեսագետներ սակայն պնդում են, որ նման եղանակով Իրանի կառավարությունը խթանել է արտարժույթի նկատմամբ պահանջարկը՝ արագացնելով ռիալի արժեզրկումը:
XS
SM
MD
LG