Մայրաքաղաք Վաշինգտոնում Իրանի ընդդիմադիր գործիչ և լրագրող Ակբար Գանջիին հանձնվեց ամերիկացի տնտեսագետ Միլթըն Ֆրիդմընի անվան Ազատության առաջամարտիկի մրցանակը:
Իրանցի հինգ այլախոհերի սպանության մեջ կառավարությանը մեղադրելու պատճառով Գանջին վեց տարի անցկացրել է Էվին բանտում: 2006թ. ազատ արձակվելով բանտից` նա հեռացել է Իրանից:
Անցած տարի նախագահ Ահմեդինեջադի վիճելի վերընտրությունից հետո Գանջիի նման գործիչները շարունակեցին Իսլամական կառավության դեմ պայքարը:
Գանջիի կածիքով` Իրանցի հինգ այլախոհերի սպանությունը զգուշացում է իրանցիների համար, որպեսզի հունիսին` ընտրությունների տարելիցին դուրս չգան փողոց:
“Կառավարության գործողությունները մի կողմից ահաբեկում են և վախեցնում, մյուս կողմից որոշ հատվածների դրդում բռնության”,-ասում է Գանջին:
Նրա կարծիքով` Արևմուտքի լրատվամիջոցների ուշադրությունը պետք է սևեռել Իրանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, այլ ոչ թե Ահմեդինեջադի միջուկային ծրագրի վրա: Նա կարծում է, որ Իրանի միջուկային հավակնությունների շուրջ աղմուկը ձեռնտու է կառավարությանը, քանի որ այն խթանում է ազգայնականությունը:
“Արևմուտքի հետ տարաձայնությունների շնորհիվ կառավարությունը սկսում է աջակցություն ստանալ երկրի ներսում”,-բացատրում է Գանջին:
Իրանի միջուկային գերտերություն դառնալը կանխելու համար Իսրայելը չի բացառում որևէ տարբերակ` ներառյալ` ռազմական: ԱՄՆ-ն ավելի երկիմաստ է այդ հարցում:
Գանջիի կարծիքով` ռազմական գործողությունները կվնասեն ժողովրդավարական շարժմանը:
“Դա այժմ ձեռնտու է վարչակարգին: Նրանք ցանկանում են, որ ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվեն որոշ շրջանների վրա”,-համոզված է նա:
Նա նաև կարծում է, որ տնտեսական նոր պատժամիջոցները լուծում չեն և միայն կվնասեն Իրանի ժողովրդի շահերը:
“Մարդու իրավունքների ամրապնդման միջոցով է հնարավոր պայքարել վարչակարգի դեմ: Աշխարհի համար Իրանի հետ կապված հիմնական մտահոգիչ հարցը սա պետք է լինի”,-պնդում է Գանջին:
Ըստ Գանջիի` Արևմուտքը պետք է օտարերկյա ներդրումներ տրամադրի Իրանին, միայն երբ այն կհարգի մարդու իրավունքները: Իսկ քաղաքացիների սպանության հետ առնչություն ունեցող իրանցի պաշտոնյաներին հարկավոր է ձերբակալել, երբ դրանք ճամփորդում են Իրանից դուրս:
“Նրանք պետք է ձերբակալվեն, ինչպես ձերբակալվեց Միլոշեվիչը: Այս մարդկանց դեմ պետք է հարուցել մեղադրանք` ընդդեմ մարդկության դեմ գործած հանցագործության”:
Նա համոզված է, որ Իրանի ապագան 1979թ. հեղափոխությունից հետո ծնված 50 միլիոն իրանցիների ձեռքին է, ում իսլամական վարչակարգը չկարողացավ հասկանալ: