Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված երկու ամերիկացիների դատապաշտպանն ասում է, թե իր պաշտպանյալների ազատ արձակումը հետաձգվում է, քանի որ դատավորը, որի ստորագրությունն է հարկավոր ազատ արձակման որոշման տակ, գտնվում է արձակուրդում։
Դատավորներից Մասուդ Շաֆիեին ասել է, թե չի հասցրել կիրակի օրն ավարտել մեկ միլիոն դոլարի գրավի դիմաց նրանց ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթային աշխատանքները, քանի որ մյուս դատավորն արձակուրդի մեջ է մինչեւ եկող երեքշաբթի։
Դատավորներից մեկն արդեն ստորագրել է ազատ արձակման փաստաթուղթը։ Որոշումն ի կատար ածելու համար հարկավոր է եւս երկու դատավորների ստորագրություն։
Իրանում անցյալ ամիս էր կայացվել ամերիկացի զբոսաշրջիկներ Բաուերին եւ Ֆաթթալին յուրաքանչյուրին 8 տարվա ազատազրկման մասին դատավճիռ՝ այս երկիր անօրինական կերպով մուտք գործելու մեղադրանքով։ Վերջիններս պնդում են, որ պարզապես զբոսնել են, առանց տեղյակ լինելու, որ հատում են սահմանը։
Ավելի ուշ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել էր, թե երկուսի ազատ արձակումը հնարավոր է որպես բարի կամքի դրսեւորում։