Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին` Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել` ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, որոնց թիրախ են դարձել քաղաքացիական իրավունքները խախտած Իրանի պաշտոնյաները:
Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է8 հրամանագիր, որի համաձայն սառեցվել են Իրանի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո բողոքի ցույցերի ընթացքում ընդդիմության դեմ բռնություններ գործած Իրանի ութ պաշտոնյայի բանկային հաշիվները:
Վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթին` Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, թե ԱՄՆ-ի այդպիսի գործողությունները ապացուցում են, որ Միացյալ Նահանգները սատարում էր նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելուց հետո տեղի ունեցած խռովությունները:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, չորեքշաբթի օրը հանդես գալով պատժամիջոցների կիրառման մասին հայտարարությամբ, նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի իրավունքները, սակայն ազդեցություն չունի այդ երկրի ընդդիմության վրա: