Իրանի իշխանություններն այսօր ազատ են արձակել 2009 թվականին լրտեսության մեղադրանքներով կալանավորված ամերիկացի երկու զբոսաշրջիկներին:
Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը չորեքշաբթի օրը դուրս են եկել իրանական բանտից՝ դատավորի կողմից իրենց ազատ արձակելու մասին հրամանագիրը հավանության արժանացնելուց հետո:
Բանտի մոտ ամերիկացի զբոսաշրջիկներին դիմավորել են Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչները:
Շեյն Բաուերի ու Ջոշ Ֆեթլի ազատ արձակումը կատարվել է՝ Իրանի իշխանություններին զբոսաշրջիկների համար մեկ միլիոն դոլար կազմող գրավ փոխանցելուց հետո:
Ամերիկացի զբոսաշրջիկների ազատ արձակման մասին հաղորդել է Իրանի «Press TV» հեռուստաընկերության կողմից, և ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալության վկայությամբ, Շեյն Բաուերին ու Ջոշ Ֆեթլին ազատ արձակելու փաստը հաստատվել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից:
Զբոսաշրջիկների փաստաբան Մասուդ Շաֆիեի համաձայն, նրանք փոխանցվելու են Իրանում գործող Շվեյցարիայի դեսպանությանը, որը ներկայացնում է Միացյալ Նահանգների շահերն Իրանում:
Օմանի իշխանությունների համար, իրենք տրամադրել են օդանավ, որն արդեն գտնվում է Թեհրանի օդանավակայանում և պատրաստ է Իրանից դեպի այդ երկիր տեղափոխել ամերիկացի զբոսաշրջիկներին:
Հիշեցնենք, որ ամերիկացի զբոսաշրջիկներ Սառա Շուրդը, Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին՝ հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ:
Սառա Շուրդն ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին 500 հազար դոլար գրավի դիմաց և վերադարձել Միացյալ Նահանգներ, իսկ Բաուերն ու Ֆեթլն այս տարվա օգոստոս ամսին դատապարտվել էին ութ տարվա ազատազրկման: