Մատչելի հղումներ

Իրանում ցուցադրվել է ամերիկյան անօդաչու կործանված ինքնաթիռը


Իրանում ցուցադրվել է ամերիկյան անօդաչու կործանված ինքնաթիռը
Իրանում ցուցադրվել է ամերիկյան անօդաչու կործանված ինքնաթիռը

Իրանի պետական հեռուստատեսությամբ հինգշաբթի օրը ցուցադրվել են պատկերներ, որոնց, հեռուստաալիքի վկայությամբ, ներկայացվել է Իրանի արևելյան սահմանի մոտակայքում կիրակի օրը տապալված անօդաչու հետախուզական ինքնաթիռը, որը կարճ ժամանակով ներխուժել էր այս երկրի օդային տարածք:

Հեռուստաալիքով ցուցադրված կադրերին պատկերվել են Իրանի զինված ուժերի պաշտոնատար անձինք, որոնք ուսումնասիրում էին տեխնիկական բարձր կարողություններ ունեցող «RQ-170 Sentinel» անօդաչու ինքնաթիռը:

Ցուցադրված անօդաչու ինքնաթիռը լավ վիճակում էր և չեր կրում տեսանելի վնասվածքների հետքեր:

Իրանի հեղափոխական պահակազորի ավիատիեզերական ստորաբաժանման ղեկավարի համաձայն, Իրանի ուժերին հաջողվել է ձեռք բերել անօդաչու ինքնաթիռը «կիբեռ հարձակում» իրականացնելու միջոցով: Նրա խոսքերով, ինքնաթիռը «էլեկտրոնային պայքարի ուժերի թակարդն էր ընկել», որից հետո հաջողվել է իրականացնել ինքնաթիռի վայրէջքն՝ առանց մեծ վնասներ պատճառելու վերջինին:

Իրանի արտգործնախարարությունն հինգշաբթի օրը հրավիրել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Լիվիա Լեու Ագոստիին և իր բողոքն է հայտարարել անօդաչու ինքնաթիռի պատահարի կապակցությամբ: Իրանի պետական հեռուստատեսության վկայությամբ, երկրի արտգործնախարարությունը Վաշինգտոնից պահանջել է բացատրություն և փոխհատուցում ներկայացնել:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հաստատել են անօդաչու ինքնաթիռի կորստի փաստը և պատահարը նկարագրել որպես հետախուզական անօդաչու ինքնաթիռների ծրագրին հասցված «մեծ հարված»: Նրանք անհանգստություն են արտահայտել այն հանգամանքով, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, անօդաչու ինքնաթիռի տեխնոլոգիան կիսելու են Չինաստանի կամ այլ պետության հետ, սակայն համոզմունք են հայտնել, որ այդ երկիրը չունի բավարար փորձառություն՝ վերծանելու ինքնաթիռի կողմից հավաքված հետախուզական տվյալները:

XS
SM
MD
LG